|
Ապրիլի 2-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպվել էր «Էկոտուրիզմը Հայաստանում» համաժողով: Համաժողովի նպատակն էր խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ ստեղծելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև` շահագրգռիռ կողմերի ցանց:
Համաժողովին ներկա էին փոխնախարարներ, զբոսաշրջային և բնապահպանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և զբոսաշրջության սիրահարներ:
Համաժողովը բացեց ՀԱՀ պրովոստ Ռանդոլ Ռոդեսը, ով նշեց, որ էկոտուրիզմի զարգացումը պետք է սկսել Երևանից դուրս, անհրաժեշտ է զարգացնել մարզերը էկոտուրիզմի և ագրոտուրիզմի միջոցով:
Ելույթով հանդես եկավ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի աշխատակից Ալեն Ամիրխանյանը, ով խոսեց ՀՀ էկոտուրիզմի ռեսուրսների և խոչընդոտող հանգամանքների մասին: «Մենք ունենք մեծ հարստություն զբոսաշրջիկներին Հայաստան գրավելու համար: Հայաստանում բնակվում են 350 տեսակի թռչուններ, մինչդեռ ողջ Եվրոպայում դրանց թիվը չի գերազանցում 700-ը: Թիթեռներից Հայաստանում հանդիպում է 220 տեսակ, երբ ողջ Եվրոպայում՝ 570 տեսակ: Հայաստանում հանդիպում են 3500 տեսակի բույսեր, որոնցից 452-ը գրանցված է Կարմիր գրքում: Սակայն Հայաստանում մեծ թիվ են կազմում խոչընդոտող հանգամանքները, որոնցից առաջնայինը անպատասխանատու հանքարդյունաբերությունն է, որը բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Հաջորդ լուրջ խնդիրը անթույլատրելի անտառահատումն է. եթե 1990թ.-ին Հայաստանի տարածքի 11%-ը անտառապատ էր, ապա այժմ միայն 9.5%-ն է անտառապատ: Խոչնդոտների մեջ են նաև որսագողությունը, ենթակառուցվածքների թերացումը և շուկայի ոչ լիովին տեղեկացվածությունը»,- նշեց Ամիրխանյանը:
ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ-ում բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ընդհանուր տվյալներ, համաձայն որոնց Հայաստանի տարածքի 13%-ը համարվում է Բնության Հատուկ Պահպանվող Տարածք /ԲՀՊՏ/: Այս պահի դրությամբ Հայաստանում առկա է 3 արգելոց, 4 ազգային պարկ, 27 արգելավայր, 232 բնության հուշարձան: Նա լրացրեց Ալեն Ամիրխանյանի նշած տվյալները՝ նշելով, որ Հայաստանում բնակվող կենդանատեսակներից 308-ը գրանցված է Կարմիր գրքում:
Համաժողովի ընդհանուր նիստը եզրափակեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ով ևս կարևորեց բնության դերը զբոսաշրջության զարգացման գործում: «Եթե մարդը բնության մասնիկ է, ապա տուրիզմի յուրաքանչյուր տեսակ կլինի էկոտուրիզմ: Բայց եթե մարդն իրեն չի համարում բնության մասնիկ, ապա էկոտուրիզմ լինել չի կարող», - եզրափակեց Ապրեսյանը:
Համաժողովի հաջորդ փուլում տեղի ունեցան համընթաց նիստեր հետևյալ թեմաներով՝
Սննդի և գյուղական զբոսաշրջություն,
Վայրի բնության վրա հիմնված զբոսաշրջություն,
Արկածային զբոսաշրջություն և Պատմամշակութային զբոսաշրջություն:
Զեկույցներով հանդես եկան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ:
Բնական բարձրակարգ կոսմետիկա արտադրող "Նաիրիան" ընկերության տնօրեն Արա Մարկոսյանը ներկայացրեց իր ընկերությունը և դրա առավելությունները՝ դրանք միավորելով 5 խմբում. հայկական, բնական, գիտական, նրբաճաշակ, պատասխանատու:
Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Կոտայքի մարզի Արա գյուղում: Նա առաջարկեց գրավել զբոսաշրջիկներին այցելելու ընկերություն` հետևելու բնական կոսմետիկայի պատրաստման գործընթացին և մասնակցելու բնական հումքի հավաքմանը:
Կապանի բնակիչ Արթուր Ղազարյանը ներկայացրեց օրգանական մթերքների կարևորությունը զբոսաշրջության ոլորտում: Նա նշեց, որ եթե Սյունիքի մարզում զարգանա էկոտուրիզմը, ապա դա ավելի շահավետ կլինի, քան հանքարդյունաբերությունը. հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտը ավելի քիչ է, իսկ միջավայրի աղտոտումը շատ ավելի մեծ է, քան եթե մարզում զարգանա էկոտուրիզմը:
Ելույթով հանդես եկավ նաև Արենի գինու փառատոնի մարկետոլոգ Նունե Մանուկյանը: Նա նշեց, որ փառատոնը զբոսաշրջության զարգացման շարժիչ ուժ է: Սակայն փառատոնը զբոսաշրջության զարգացման գլխավոր միջոցը չպետք է լինի, այն ընդամենը պետք է ամփոփի զբոսաշրջային սեզոնը: Փառատոնների կազմակերպման համար որպես խոչընդոտ Մանուկյանը նշեց շրջապատի աղտոտումը: "Եթե մի զբոսաշրջիկը աղտոտի տարածքը, ապա հաջորդ զբոսաշրջիկը չի ցանկանա այցելել այդ վայր", - մեկնաբանեց Նունե Մանուկյանը:
Վայրի բնության վրա հիմնված զբոսաշրջության նիստի նպատակն էր, շրջակա միջավայրի արժեքները որպես զբոսաշրջային գրավչություններ զարգացնելու հետ մեկտեղ, պահպանել և պաշտպանել վայրի կենդանիներին և բնությունը: Մարդը պետք է հանդես գա որպես բնության և կենդանական աշխարհի մաս, այլ ոչ դրանց սեփականատեր:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցան այլ նիստեր ևս, որոնց ընթացքում քննարկվեցին Հայաստանում քայլարշավային ուղիների համապարփակ ցանց կազմելու և քարտեզագրելու համար առկա նախադրյալները, ներկայացվեցին էկոտուրիզմի բիզնես սկսելու ժամանակ հաշվի առնվող նախապայմանները:
Նյութը պատրաստեց TRIP2.am կատալոգի լրագրող Կ. Դավթյանը
|
հեղինակ` Travel News |