|
Կառավարությունն առաջարկում է պետական հարկերից ազատել Հայաստանում զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ձեռնարկատերերին: Ազգային ժողովը քննարկում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հիշեցրեց, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից Հայաստանում ներդրվեց ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, ինչը նշանակում էր, որ ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի կողմից իրականացվող գործունեությունն առանց այլ վարձու աշխատանքի օգտագործման համարվեց ընտանեկան ձեռնարկատիրություն, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության բոլոր սուբյեկտներն ազատվեցին բոլոր տեսակի պետական հարկերից: «Այս նախագծով առաջարկվում է սահմանել, որ բոլոր այն դեպքերում, երբ հանրապետության տարբեր մարզերում գործող զբոսաշրջային տները փոքր հյուրանոցային ծառայություններ են մատուցում զբոսաշրջիկներին, հնարավորություն ունենան զբաղվել ընտանեկան ձեռնարկատիրությամբ: Այսինքն, մենք առաջարկում ենք նման գործունեությունը համարել ընտանեկան ձեռնարկատիրություն, քանի որ այս տիպի գործունեությունը ընտանեկան ձեռնարկատիրությանը բնորոշ է: Այսինքն, առաջարկվում է նրանց ևս ազատել պետական հարկերից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միրումյանը:Պատախսանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին` Վախթանգ Միրումյանը մանրամասնեց, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվողները պետական հարկեր են վճարում, իսկ նախագծով առաջարկվում է նրանց ազատել հարկերից, եթե այդ ծառայություններն իրականացնում են բացառապես ընտանիքի անդամները:Անդրադառնալով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանի հարցին՝ Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հյուրանոցային ծառայություններ մատուցող զբոսաշրջային տներ կան հանրապետության տարբեր մարզերում՝ Վանաձորում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Իջևանում: «Այդպիսի 21 տնտեսավարող սուբյեկտներ կան այս պահին, որոնք գործում են արտոնագրային վճարի դաշտում: Թվաքանակի սահմանափակությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր նրանք հիմնականում արտոնագիր են ստանում միայն սեզոնային ամիսներին: Եվ սա էլ պատճա ռներից մեկն է, որ մենք որոշել ենք նրանց ազատել հարկերից, ինչը հնարավորություն կտա նրանց աշխատել ոչ միայն սեզոնային ամիսներին, այլև ողջ տարվա ընթացքում»,- ասաց Միրումյանը:Փոխնախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է միայն այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են բացառապես ընտանիքի անդամների միջոցով: «Քանակական սահմանափակումներ չկան: Կլինեն ընտանիքի 3 անդամ, թե 7, որևէ նշանակություն չունի: Եթե դա ընտանեկան ձեռնարկատիրություն է, ապա քանականան սահմանափակումները չեն աշխատում»,- մանրամասնեց Վախթանգ Միրումյանը:Սահմանափակումներ չկան նաև տարածքի առումով: Փոխնախարարը հստակեցրեց, որ եթե նման հյուրանոցային տներ կլինեն նաև Երևանում, ապա դրանք ևս հնարավորություն կունենան օգտվել այն հնարավորություններից, որոնք տրվում են առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ:times.am
|
հեղինակ` admin |