Հայաստանը ներառվել է ամենաանվտանգ երկրների ցանկում ահաբեկչական սպառնալիքների տեսանկյունից, նշվում է «Ահաբեկչության գլոբալ վարկանիշ 2015» զեկույցում, որը հրապարակել է Լոնդոնի տնտեսության և խաղաղության ինստիտուտը (The Institute for Economics and Peace)։
Հայաստանը զբաղեցրել է 116–րդ տեղը 162 պետությունների շրջանում։ Համեմատության համար հարկ է նշել, որ մի քանի տասնյակ երկրներ, որտեղ ահաբեկչության սպառնալիքը գրեթե հավասար է զրոյի, կիսում են 124–րդ տեղը։
Հայաստանի հարևաններ Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցնում են համապատասխանաբար 93–րդ և 71–րդ տեղերը։
Ըստ ուսումնասիրության` Հայաստանի համար հավանական սպառնալիքի աղբյուրներից մեկը 2014 թ.–ին քրդական ջոկատների հետ 70 էթնիկ հայերի մասնակցությունն է ԻՊ–ի դեմ պայքարում։
Ռուսաստանը վարկանիշում զբաղեցրել է 23–րդ տեղը, ԱՄՆ–ը 35–րդն է:
Զեկույցը վերլուծում է 162 երկրներում տիրող իրավիճակը, որտեղ բնակվում է երկրագնդի բնակչության 99,6 տոկոսը։
Նախորդ տարի ահաբեկչության զոհ է դարձել 32,6 հազար մարդ` 2013 թ.–ին գրանցված 18,1 հազարի համեմատ:
newsarmenia.am
|