2016 թվականին եվրոպացի զբոսաշրջիկներին կծանոթացնեն Գորիսի շրջակայքի լեռնային արահետներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայ զբոսավարների ասոցիացիայի նախագահ Լիա Բախշինյանը:
«Մենք հիմնականում արշավներ ենք կազմակերպում դեպի Արագած: Սա շատ տարածված երթուղի է: Իսկ հիմա պատրաստվում ենք արշավների սիրահարներին ծանոթացնել Գորիսին: Արդեն հետիոտնի համար նախատեսված արահետներով երթուղիներ ենք կազմել, բայց դժվար ճանապարհներ են: Այդ պատճառով հարկավոր է պատրաստվել զբոսաշրջիկների ժամանելուն»,- նշեց Բախշինյանը:
Հայաստանի լեռների կուսական արահետներն առայժմ եվրոպացիներին ավելի քիչ են գրավում, քան ավանդական շրջայցերը, այդ պատճառով քիչ է նաեւ պրոֆեսիոնալ զբոսավար-ուղեկցորդների թիվը: Նրանք պետք է կարողանան վրաններ խփել (հաճախ արշավները մի քանի օր են տեւում), խարույկ վառել, ճանաչել ճանապարհները, անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցույց տալ: Եվ, իհարկե, պետք է իրենք էլ ուսապարկով ճամփորդության փորձ ունենան:
2008 թվականին USAID/CAPS ծրագրի շրջանակում մի քանի ուղեկցորդներ վերապատրաստում են անցել Ֆրանսիայում: Այժմ նրանք են պատրաստում սկսնակներին:
«Այդ մասնագիտացմամբ կրթությունը թանկ հաճույք է, այդ պատճառով մեզ շատ կօգնեին դոնորական նոր նախագծերը: Դա առանձին մասնագիտություն է, որը յուրացնում են տարիների ընթացքում: Այդ պատճառով, որպես կանոն, խմբի հետ ուղարկում ենք երկու զբոսավարի. մեկը՝ դասական զբոսավար, որը լեզու գիտի եւ ճանապարհին կարող է պատմել երկրի եւ շրջանի մասին, մյուսը՝ ուղեկցորդ»,- պարզաբանեց Բախշինյանը:
Հայաստանի լեռնային գոտիները շատ են սիրում Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Իտալիայից, իսկ վերջին շրջանում՝ նաեւ Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկները:
|