📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
03
04
2016
|
Անցկացվեց "Էկոտուրիզմը Հայաստանում" խորագրով համաժողով |
|
Ապրիլի 2-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպվել էր «Էկոտուրիզմը Հայաստանում» համաժողով: Համաժողովի նպատակն էր խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ ստեղծելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև` շահագրգռիռ կողմերի ցանց:
Համաժողովին ներկա էին փոխնախարարներ, զբոսաշրջային և բնապահպանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և զբոսաշրջության սիրահարներ: Համաժողովը բացեց ՀԱՀ պրովոստ Ռանդոլ Ռոդեսը, ով նշեց, որ էկոտուրիզմի զարգացումը պետք է սկսել Երևանից դուրս, անհրաժեշտ է զարգացնել մարզերը էկոտուրիզմի և ագրոտուրիզմի միջոցով: Ելույթով հանդես եկավ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի աշխատակից Ալեն Ամիրխանյանը, ով խոսեց ՀՀ էկոտուրիզմի ռեսուրսների և խոչընդոտող հանգամանքների մասին: «Մենք ունենք մեծ հարստություն զբոսաշրջիկներին Հայաստան գրավելու համար: Հայաստանում բնակվում են 350 տեսակի թռչուններ, մինչդեռ ողջ Եվրոպայում դրանց թիվը չի գերազանցում 700-ը: Թիթեռներից Հայաստանում հանդիպում է 220 տեսակ, երբ ողջ Եվրոպայում՝ 570 տեսակ: Հայաստանում հանդիպում են 3500 տեսակի բույսեր, որոնցից 452-ը գրանցված է Կարմիր գրքում: Սակայն Հայաստանում մեծ թիվ են կազմում խոչընդոտող հանգամանքները, որոնցից առաջնայինը անպատասխանատու հանքարդյունաբերությունն է, որը բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Հաջորդ լուրջ խնդիրը անթույլատրելի անտառահատումն է. եթե 1990թ.-ին Հայաստանի տարածքի 11%-ը անտառապատ էր, ապա այժմ միայն 9.5%-ն է անտառապատ: Խոչնդոտների մեջ են նաև որսագողությունը, ենթակառուցվածքների թերացումը և շուկայի ոչ լիովին տեղեկացվածությունը»,- նշեց Ամիրխանյանը: ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ-ում բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ընդհանուր տվյալներ, համաձայն որոնց Հայաստանի տարածքի 13%-ը համարվում է Բնության Հատուկ Պահպանվող Տարածք /ԲՀՊՏ/: Այս պահի դրությամբ Հայաստանում առկա է 3 արգելոց, 4 ազգային պարկ, 27 արգելավայր, 232 բնության հուշարձան: Նա լրացրեց Ալեն Ամիրխանյանի նշած տվյալները՝ նշելով, որ Հայաստանում բնակվող կենդանատեսակներից 308-ը գրանցված է Կարմիր գրքում: Համաժողովի ընդհանուր նիստը եզրափակեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ով ևս կարևորեց բնության դերը զբոսաշրջության զարգացման գործում: «Եթե մարդը բնության մասնիկ է, ապա տուրիզմի յուրաքանչյուր տեսակ կլինի էկոտուրիզմ: Բայց եթե մարդն իրեն չի համարում բնության մասնիկ, ապա էկոտուրիզմ լինել չի կարող», - եզրափակեց Ապրեսյանը: Համաժողովի հաջորդ փուլում տեղի ունեցան համընթաց նիստեր հետևյալ թեմաներով՝ Սննդի և գյուղական զբոսաշրջություն, Վայրի բնության վրա հիմնված զբոսաշրջություն, Արկածային զբոսաշրջություն և Պատմամշակութային զբոսաշրջություն: Զեկույցներով հանդես եկան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ: Բնական բարձրակարգ կոսմետիկա արտադրող "Նաիրիան" ընկերության տնօրեն Արա Մարկոսյանը ներկայացրեց իր ընկերությունը և դրա առավելությունները՝ դրանք միավորելով 5 խմբում. հայկական, բնական, գիտական, նրբաճաշակ, պատասխանատու: Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Կոտայքի մարզի Արա գյուղում: Նա առաջարկեց գրավել զբոսաշրջիկներին այցելելու ընկերություն` հետևելու բնական կոսմետիկայի պատրաստման գործընթացին և մասնակցելու բնական հումքի հավաքմանը: Կապանի բնակիչ Արթուր Ղազարյանը ներկայացրեց օրգանական մթերքների կարևորությունը զբոսաշրջության ոլորտում: Նա նշեց, որ եթե Սյունիքի մարզում զարգանա էկոտուրիզմը, ապա դա ավելի շահավետ կլինի, քան հանքարդյունաբերությունը. հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտը ավելի քիչ է, իսկ միջավայրի աղտոտումը շատ ավելի մեծ է, քան եթե մարզում զարգանա էկոտուրիզմը: Ելույթով հանդես եկավ նաև Արենի գինու փառատոնի մարկետոլոգ Նունե Մանուկյանը: Նա նշեց, որ փառատոնը զբոսաշրջության զարգացման շարժիչ ուժ է: Սակայն փառատոնը զբոսաշրջության զարգացման գլխավոր միջոցը չպետք է լինի, այն ընդամենը պետք է ամփոփի զբոսաշրջային սեզոնը: Փառատոնների կազմակերպման համար որպես խոչընդոտ Մանուկյանը նշեց շրջապատի աղտոտումը: "Եթե մի զբոսաշրջիկը աղտոտի տարածքը, ապա հաջորդ զբոսաշրջիկը չի ցանկանա այցելել այդ վայր", - մեկնաբանեց Նունե Մանուկյանը: Վայրի բնության վրա հիմնված զբոսաշրջության նիստի նպատակն էր, շրջակա միջավայրի արժեքները որպես զբոսաշրջային գրավչություններ զարգացնելու հետ մեկտեղ, պահպանել և պաշտպանել վայրի կենդանիներին և բնությունը: Մարդը պետք է հանդես գա որպես բնության և կենդանական աշխարհի մաս, այլ ոչ դրանց սեփականատեր: Համաժողովի ընթացքում տեղի ունեցան այլ նիստեր ևս, որոնց ընթացքում քննարկվեցին Հայաստանում քայլարշավային ուղիների համապարփակ ցանց կազմելու և քարտեզագրելու համար առկա նախադրյալները, ներկայացվեցին էկոտուրիզմի բիզնես սկսելու ժամանակ հաշվի առնվող նախապայմանները: Նյութը պատրաստեց TRIP2.am կատալոգի լրագրող Կ. Դավթյանը |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||
. Պատահական հայտարարությունների ընտրանի |