X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:



Հետաքրքիր է իմանալ > Օգտակար > Այլևայլք



10 09 2018

Կալավան՝ փոքր գյուղի մեծ հրաշքը

          
Կալավան
Կալավանը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Երևանից 137 կմ հեռավորության վրա։

Նախկինում ամբողջովին ադրբեջանցիներով բնակեցված Ամրխեր գյուղը Արցախյան պատերազմի տարիներին դարձյալ հայաբնակ դարձավ՝ վերանվանվելով՝ Կալավան: Գյուղն ունի շատ հարուստ և առատ բնություն։

Այժմ Կալավանի բնակիչների թիվը մոտավորապես 120 հոգի է։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։

Ճանապարհի 130 կմ հատվածը բարվոք վիճակոււմ է, իսկ վերջին 7 կմ-ը՝ դժվար անցանելի է։ Տեղացիներն ասում են՝ դեպի դրախտ ճանապարհը հեշտ չէ։

Ռոբերտ Ղուկասյան
Ռոբերտ Ղուկասյանը մասնագիտությամբ հնագետ է, կենդանաբան, ով շրջել է աշխարհի տարբեր երկրներում՝ ներգրավված լինելով գիտական արշավախմբերում։

Նախորդ տարի Ռոբերտը մասնակցել է Ալյասկայում կայացած արկածային զբոսաշրջության համաշխարհային համաժողովին՝ լինելով երեք գլխավոր խոսնակներից մեկը։

Շատ սրտացավ, նախաձեռնող, նպատակսլաց և հումորի լավ զգացումով մարդ է։

Ինչպես սկսվեց
Լինելով իր բնակավայրի սիրահարը և միևնույն ժամանակ արտերկրում տեսնելով բազմաթիվ համայնքների հաջողությունները՝ Ռոբերտը որոշում է թողնել նախկին գործունեությունը և ամբողջությամբ նվիրվել իր համայնքի զարգացմանը։

Եվ ահա 2013 թվականին նա հիմնում է «Թայմ լենդ» հիմնադրամը՝ նպատակ ունենալով բացահայտել տեղի մարդկային ու բնական ողջ ներուժը, բացահայտված ներուժը գիտակրթական ծրագրերի իրականացման և տուրիզմի զարգացման միջոցով կիրառել համայնքի համաչափ զարգացման, կենսամակարդակի բարձրացման նպատակով։

Սկզբում նրա նախաձեռնությունը ընդդիմության է հանդիպում նույնիսկ ընտանիքում և ընկերների շրջանում, բայց քիչ անց նրանք ևս լծվում են ընդհանուր գործին։

Ռոբերտը սկսում է անհատական աշխատանք տանել տեղացիների հետ՝ բացատրել, ոգեշնչել համոզել, օրինակ ծառայել։ Արդյուքնում՝ նրա նախաձեռնությունը սկսում է թափ առնել, նորանոր ընտանքիներ են միանում ծրագրին։

Եվ ընդամենը մեկ տարի անց գյուղի համբավը սկսում է տարածվել ոչ միայն մեր հանարապետությունում, այլև մինչև հարավային Ամերիկայի երկրներ։ Աշխարհի տարբեր երկրներից զբոսաշրջիկների մեծ հոսք է սկսում դեպի գյուղ։

Գյուղ կանգնի, գերան կկոտրի
Տեղի կանայք սկսում են հավաքել գյուղի անտառի հատապտուղներն ու բույսերը, պարզվում է, որ դրանց միջոցով հնարավոր է 120 կերակրատեսակ պատարստել ու մատուցել հետաքրքրասեր զբոսաշրջիկներին:

Գյուղացիները սկսում են նաև վերանորոգել տները՝ դրանք վերածելով հյուրատների, այս տարի օրինակ՝ 7 այդպիսի հյուրատուն է կառուցվում։

Տուն Կալավանում
Ռոբերտի խոսքով այժմ իրենց գյուղի մեծ մասն անհատ ձեռնարկատերեր են, այլ կերպ՝ սա ԱՁ-ների գյուղ է։ Նրանք ինքնաբավ են և միմյանց օգնելով քայլ առ քայլ առաջ են գնում, շենացնում են համայնքը, մեծացնում գրավչությունը առանց կողմնակի աջակցության։

Այս տարի հիմնական խնդիրը նոր հյուրատների կառուցումն էր, որը կատարվել է միկրովարկերի միջոցով։ Հաջորդ քայլը նույն տրամաբանությամբ ամբողջ համայնքի ներուժով ճանապարհի բարեկարգումն է։

Եվ այս ամենն արվում է առանց որևէ պետական աջակցության։ Պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներ եղել են, խոստումներ ևս, բայց գործեր՝ երբեք։

Ռոբերտի խոսքով մոտիվացված համայնքն ամենաուժեղ համայնքն է։ Տիրոջ զգացողությունն է պետք վերադարձնել կամ ձևավորել, որպեսզի ծառեր չկտրվեն, արգելված որս չարվի և շրջակա միջավայրը չաղտոտվի։ Ուստի եթե համայնքը մոտիվացված է, ապա անկախ դժվարություններից և ուշացող պետական աջակցությունից կարելի է մեծ արդյունքներ գրանցել։

Զբոսաշրջիկների աշխարհագրությունը
Այժմ մեծ ու փոքր խմբերով Կալավան են այցելում զբոսաշրջիկներ տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Իսրայելից, Չինաստանից, Արգենտինայից, Պերուից, Գանայից, Կանադայից և այլն ։

Կալավանում տան բակԱյժմ գյուղը կարող է միաժամանակ 50 հյուր ընդունել։

Չեն ուզում առաջ անցնել, հիմա սպասրակման որակի և ծառայությունների շղթայի արդյունավետության վրա են աշխատում։

Ներհոսք
Գործընթացին են միացել նաև նրա շատ ընկերները, նույնիսկ Երևանից մի քանի հոգի հաստատվել են այստեղ։ Մենք հանդիպեցինք Ռոբերտի ընկերներց Արթուրին, ով Երևանի գրանցումից դուրս էր եկել և ձեռք բերել Կալավանի գրանցում։ Հիմա Արթուրը հյուրատուն է կառուցում և օգնում է տեղաբնակներին զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը։

Արթուրը տեղափոխվել է ԿալավանԻնձ համար ամենատպավորիչ փաստերից մեկն այն է, որ նախկինում արտագնա աշխատանքի մեկնած բազմաթիվ մարդիկ վերադառնում են, քանի որ գյուղը զարթոնք է ապրում, քանի որ #գործկա ։

Աջակիցներ
Նման համարձակ և ոչ ստանդարտ ծրագրին քչերն են հավանություն տալիս, բայց նախաձեռնող թիմի համառությունը համոզում է որոշ կազմկերպությունների իրենց աջակցությունը ևս ցուցաբերել վեԷքստրեմալ տուրիզմ Կալավանումրածնվող Կալավանին։

Այդ փոքրաթիվ կզամակերպությունների շարքում ի սկզբանե եղել են՝

Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական ՀԿ-ն,
Գարդման Տուր տուրիստական գործակալությունը, որը մասնագիտացած է էքստրեմալ տուրիզմի ոլորտում, մասնավորապես ՝ ջիփ տուրերի կազմակերպման մեջ,
Հայ Միասնության Խաչ բարեգործական մշակութային ՀԿ-ն,
Զարգացման հիմնական ուղղությունները
Ռոբերտը տեսլականի մարդ է։ Նրա նպատակը համայնքի համաչափ զարգացումն է և գիտական ու կրթական կենտրոնի վերածումը, որտեղ էկոտուրիզմը ոչ թէ նպատակ է, այլ դրան սպասարկող միջոց։

Այս նպատակով աշխատանքներ են տարվում 3 հիմնական ուղղություններով՝

Օրգանական գյուղատնտեսություն
Արդեն իսկ գործում են լիցենզավորաված տնտեսություններ, մասնավորապես՝ մեղվաբուծություն, բանջարաբոստանային կուլտուրաների և ազնվամորու մշակում։

Տուրիզմ
Գյուղում մեծ թափով զարկ է տրվում զբոսաշրջիկության տարբեր ուղղություների զարգացմանը՝ էկոտուրիզմ և էքստրեմալ տուրիզմ։

Գիտակրթական ծրագրեր
Կալավանում կազմակերպվում են գիտակրթական արշավներ, խաղեր։ Ռոբերտն իր թիմի հետ սերունդներ է կրթում։ Նա հատուկ կարևորություն է տալիս նաև շրջակա միջավայրի պահպանմանը։

Ռոբերտը պատմում է, որ հերթական ծրագրերից մեկի շրջանակում երեխաներին ցույց է տվել այն թռչունների բները, որոնց պատրաստաման համար բացի փայտերից օգտագործվել են նաև բնության մեջ թափված պլաստիկ տարաների կտորներ, պոլիէթիլենային տոպրակներ։



Նա բացատրում է, որ անձրևներից հետո խոնավությունը չի նվազում բների մեջից և ձվերը նեխում են, այդպիսով՝ աղտոտված շրջակա միջավայրի պատճառով թռչունների աճը անկում է ապրում 5%-ով։ Նման ծրագրերից մեկից հետո մի դպրոցական զանգահարել և ասել է.

-Ընկեր Ռոբերտ, ես 15 կիլոգրամ պլաստիկ շշեր և պոլիէթիլենային տոպրակներ եմ հավաքել բնությունից, հիմա քա՞նի ճուտիկի կյանք եմ փրկել…

Ռոբերտը մեծ շեշտադրում է կատարում ճիշտ մտածելակերպի ձևավորման վրա, ընդ որում և երեխաների և մեծահասակների։ Նրա 14 տարեկան տղան գյուղի հետ կապված հարցերով արդեն շփումների մեջ է ՄԱԿ-ի գրասենյակի հետ։

Մեր այցի ժամանակ Դիլիջանի Թումոյից զանգահարեցին և առաջարկեցին տեղի երեխաներրին շաբաթական մեկ անգամ իրենց մոտ հրավիրելու մասին։ Ռոբերտն արդեն պետք է մտածի անհրաժեշտ փոխադրամիջոց ձեռքբերելու մասին․․․

Կալավանցիները
ԱյԿալավանի գյուղապետի տանըստեղ սոցիալական կապերը շատ ամուր են, և միմյանցից կախվածությունը շատ մեծ է։

Հարաբերությունները փոխօգնության և փոխվստահության տրամաբանության մեջ են։

Կալավանցիները շատ ջերմ են, պարզ, սրտաբաց և հյուրասեր։

Մենք պարզապես այցելել էինք Կալավան, բայց պարզվեց հյուր ենք գնացել Ռոբերտին՝ առատ հյուրասիրություն, ջերմ ընդունելություն, հաճելի ժամանց։

Գյուղում կտեսնեք տարբեր խոշոր ու մանր կենդանիրերի այս ու այն կողմ վազվզելիս՝ ազատ առանց պարանների կամ ցանկապատերի, քանի որ գողության վտանգ չկա։

Ռոբերտն ասում է, որ այս տարիների ընթացքում մեկ անգամ է գողության դեպք եղել, և երկու ժամում պարզվել է․ դրսից եկած հյուր է եղել։

Միշտ չէ, որ ներդրումները ցանկալի են
Ռոբերտի խոսքով այս ընթացքում շատ գործարարներ են ցանկացել մեծ ներդրումներ կատարել՝ հանգստյան տներ, սննդի կետեր կառուցելու նպատակով, բայց Կալավան համայնքը դեմ է։

Կալավանցիները դեմ են ցանկացած ներդրման, որը կխալխլի համայնքի համաչափ զարգացման գործընթացը, դեմ են Կալավանը օբյեկտների վերածելու հայկական մոդելին, դեմ են իրենց ներուժի բացահայտմանն ու օգտագործմանն այս լավ գործընթացին ուղղված ցանկացած նախաձեռնությանը։ Պարզապես դեմ են դեգրադացմանը։

Վարակիչ փորձ
Կալավանի օրինակը վարակիչ է։ Մոտ համայնքները ևս սկսել են կիրառել այս մոդելը՝ Բարեպատը, Ճամբարակը։ Ռոբերտին հրավիրել են փորձի փոխանակման համար նաև Արցախ։

Հրավերներ են եղել նույնիսկ հարավային Ամերիկա մեկնելու, բայց տեղում հեռահար ծրագրերն ու անելիքները դեռ շատ են։

Կալավանի մոդելը
Տեղական ողջ մարդկային և բնական ներուժի բացահայտում և ներկայանալի պրոդուկտի վերածում՝ ահա Կալավանի զարգացման մոդելը։

Այս մոդելը ներդնել, խթանել և զարգացնել է պետք ողջ երկրով մեկ՝ բացահայտել ներուժը, ներգրավվել բացառապես տեղացիներին, բոլոր առկա ռեսուրսներն ու առանձնահատկությունները, ավանդույթները վերածել պրոդուկտի, թերություններն՝ առավելության և քայլ առ քայլ համաչափ զարգացնել համայնքը։

Ռոբերտը հատուկ աշխատանք է տանում տեղաբնակների հետ՝ աղբահանության ճիշտ կազմակերպումից մինչև անտառահատումների և որսագողության դեմ պայքար։

Մարդիկ սկսում են իրենց գիտելիքներն ու փորձը օգտագործել ի օգուտ համայնքի զարգացման և միևնույն ժամանակ ի շահ իրենց։

Մի տեղաբնակ, ում բոլորը տարիներով ճանաչել են որպես ավանակով փայտ կրող, պարզվել է առանց որևէ ֆորմալ կրթության հատ առ հատ ճանաչում է բոլոր էնդեմիկ թռչունների ձայները և հաղորդակցման նշանները։

Այժմ նա զբոսաշրջիկների համար կազմված հատուկ երթուղին է ուղեկցում որրպես տեղացի ուղեկցորդ ու մեկնաբանում թռչունների ձայները։

Ռոբերտի օրինակը
Նա հայրենասիրության, մեծ նպատակների և աշխատասիրության օրնակ է։ Ռոբերտը առաջնորդ է, լավ առաջնորդ, նա բոլոր հնարավորություններն ունի ամեն բան իր և իր ընտանիքի շուրջ կենտրոնացնելու և դրանից մեծ անձնական արդյունքներ ստանալու համար, բայց նա այդպես չի վարվում։

Նա մեկ քայլ առաջ է գնում, ապա վերադառնում է, օգնում, համոզում և ուղղորդում է մյուսնեիրն ևս այդ քայլն անել, երբ նրանք առաջ են գալիս, նա ևս մեկ քայլ առաջ է գնում և այսպես շարունակ։

Նախորդ տարի Ռոբերտը վաճառել է իր կովերը, որպեսզի մասնակցի Այլասկայում ընթացող էկոտուրիզմի կոնֆերանսին՝ որպես գլխավոր խոսնակներից մեկը։

Արձագանքն այնքան մեծ է լինում, որ ակնկալվող հոսքին պատշաճ մակարդակով դիմավորելու նպատակով 2017 թվականին դադար են վերցնում՝ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար՝ նոր հյուրատներ, երթուղիներ, ճաշատեսակներ և այլն։

Այս տարի ակնկալում են 10000 այցելու ընդունել։ Արդեն իսկ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար բոլոր տեղերն ամրագրված են։

Մեր տպավորությունները
Օրվա վերջում տպավորությունները, տեղեկություններն ու էմոցիաներն այնքան առատ էին, որ վերադարձի ճանապարհին պարզապես լռում էինք…

Մենք շատ սիրեցինք Կալավանը և Կալավանի մեծագույն արժեք՝ մարդուն, ի դեմս Ռոբերտի և իր ընտանիքի։Այցելե՛ք Կալավան և վայելե՛ք այս փոքր գյուղի մեծ հրաշքը։


Սիրով՝ Դավիթ, Սոնա և Գոռ Կալավանից
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի


Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: